Ձյունաշողի  միջնակարգ  դպրոցը  կառուցվել  է  1979թ.-ին: Մինչև  1989թ.-ը  եղել  է  ադրբեջանական  դպրոց:

   80-ական  թվականների  2-րդ  կեսին, երբ  Լեռնային  Ղարաբաղում  սկսվեց հայ-ադրբեջանական  կոնֆլիկտը, ադրբեջանցիները, ովքեր  ապրում  էին  Հայաստանի  Կզըլշաֆագ  գյուղում  և  հայերը,  որոնք  ապրում  էին  Ադրբեջանի  Քերքենջ  գյուղում, սեփական  ցանկությամբ  պայմանավորվել  են  խաղաղ  ճանապարհով  գյուղերի  փոխանակում  անել:

   Սա  վերջին  24  տարիների  պատմության  մեջ  ամենատպավորիչ  դեպքերից  է, որ  կարող  է պատմել  Կովկասը:

   1989թ.-ից, երբ  արդեն  քերքենջցիները  վերաբնակվել  էին  Կզըլշաֆագ  գյուղում, դպրոցը  դարձավ  հայկական:

    Սկզբում  դպրոցում  գործում  էր  2  սեկտոր` հայկական և  ռուսական: Ցածր  դասարաններում  ուսուցումը  հայալեզու  էր, իսկ  բարձր  դասարաններում  դասավանդվում էր  ռուսաց  լեզվով: 1995թ.-ի  սաները  եղան  ռուսական  սեկտորի  վերջին  շրջանավարտները:

    1991թ.-ին գյուղը  ստացավ  Ձյունաշող  անունը  և  դպրոցը  վերանվանվեց  Ձյունաշողի  միջնակարգ  դպրոց: Այդ  օրվանից  դպրոցն  ունեցել  է  շուրջ  հարյուր  շրջանավարտ, որոնցից  շատերը  սովորել  և  սովորում  են  ԲՈՒՀ-ում  և  քոլեջներում:

     Դպրոցում  բոլոր ուսուցիչները  ունեն  բարձրագույն  մանկավարժական կրթություն: Բոլորը  խորագիտակ  և  բազմակողմանիորեն  զարգացած  մանկավարժներ  են: Նրանց  կոմպետենտությունը  ուսուցման  գործընթացի  արդյունավետության  երաշխիքն  է: Դա  է վկայում  մեր  երեք  սաների  ցուցաբերած  առաջադիմությունը: ԲՈՒՀ-ն  ավարտելով  <<Գերազանցության>>  դիպլոմով, այժմ  նրանք աշխատում  են  իրենց  մասնագիտությամբ, իսկ  նրանցից  մեկը՝ որպես իրավաբան  ուղևորվել  է  Բելգիա:

   Այժմ  դպրոցում  սովորում  են  23  աշակերտ: Դպրոցն  ունի  հիմնանորոգման  կարիք, գազաֆիկացված  չէ  և  ձմռան  օրերին  դժվար  է  ջեռուցել  դասարանները: Սակայն  այդ  դժվարին  պայմաներում  անգամ  մեր  ուսուցիչներն  իրենց  մասնագիտական  պարտավորվածությամբ, մեթոդական  կարողություններով  ու  հմտություններով  բարձր մակարդակի  վրա  են  պահում  իրենց  սաների  ոչ  միայն  կրթվածության  ցուցանիշը, այլև  արժեհամակարգը:

2016թ-ի հունվարի 8-ին տնօրեն է ընտրվել նույն դպրոցի նախկին աշակերտ, այնուհետև դպրոցի ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ուսուցիչ Արթուր Սարկիսովը: